ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հարավային Կովկասն ունի շատ հստակ ազդեցության կենտրոններ

Հարավային Կովկասն ունի շատ հստակ ազդեցության կենտրոններ
30.10.2023 | 07:24

Աստված ոչ անի, որ տարածաշրջանային շախմատի տախտակի վրա մենք զրկվենք շահակիցներից։

Այդ դեպքում ոչ մի հեռավոր շախմատի տախտակ մեզ չի փրկի։

Հարավային Կովկասը, որպես առանձին շախմատի տախտակ, ունի շատ հստակ ազդեցության կենտրոններ` Ռուսաստան, Իրան և Թուրքիա։

Այս երեքն են Հարավային Կովկասում ազդեցության համար կռիվ տվողները` յուրաքանչյուրն իր առանձին, բայց նաև համընկնող շահերով։

Այս երեքից մեկը`Թուրքիան, ուզում է ոչնչացնել մեզ բառի ամենաուղիղ և ամենաֆիզիկական իմաստով։ Ռուսաստանի հետ այսօր մեր շահերի մի մասը հակադրվել են (օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով), բայց հնարավոր է ինչ-որ իրավիճակում պայմանավորվել, և միայն Իրանն է, որի հետ առայժմ մեր շահերը, մեծ հաշվով, համընկնում են, բայց ինչ-որ պահից բաց թողնված հնարավորությունները կարող են Հայաստանի և Իրանի շահերի համընկնումը դարձնել ժամանակավրեպ։

Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասն իր ազդեցության գոտին դարձնելն ու թուրանական տարածության մաս կամ առնվազն անվտանգ և անխոչընդոտ բուֆերի վերածելն է։ Վերջնարդյունքում՝ Օսմանյան կայսրության ազդեցության վերականգնումը և դրա միջոցով գլոբալ տերություն դառնալու հայտ ներկայացնելը։

Ռուսաստանի համար ցարական և խորհրդային տարածության վրա անվտանգության տարածություն կառուցելն է և ազդեցության գոտի գծելը, ինչը հնարավորություն կտա հաստատել իր տեղը որպես գլոբալ տերություն։ Ընդ որում, դրա համար Ռուսաստանը ոչ թե «փափուկ ուժի»(Soft power) միջոցով է պատրաստ պայքարել, այլ «կոշտ ուժի»(Hard power) միջոցով, առանց ձևականությունների։

Իրանը իր պատմական ազդեցության վերականգնման ճանապարհին է և ձգտում է տարածաշրջանում կառուցել այնպիսի անվտանգային համակարգ, որը զերծ կլինի իր համար թշնամական ներխուժումներից, դրանց սպասարկման տարածություն չի դառնա և իր դեմ որպես պլացդարմ չի օգտագործվի, միևնույն ժամանակ հնարավորություն կտա անվտանգ և անխոչընդոտ տարանցումների, և մեկուսացման վտանգ չի սպառնա։ Իրանն իր հերթին նպատակներին հասնելու համար պատրաստ է պայքարել թե՛ ռազմական- դիվանագիտության, թե՛ պրոքսի ուժերի միջոցով, թե՛ ուղիղ ռազմական միջամտությամբ։

Հարավկովկասյան շախմատի տախտակը միշտ լինելու է վառոդի կաթսա, ամեն վայրկյան պայթելու վտանգի առաջ, և միայն խորագիտակությունն ու տարածաշրջանը ճանաչելու կարողությունն են հնարավորություն տալու շարունակել դիմակայել արտաքին և ներքին սպառնալիքներին։

Հարավային Կովկասը և առհասարակ Արևելքը ուժեղների վայր է, որտեղ թույլերը վաղ թե ուշ ոչնչանալու են։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ